Տեղի են ունեցել հայ-եգիպտական բարձր մակարդակի հանդիպումներ, ստորագրվել են հուշագրեր
(last modified Sun, 29 Jan 2023 14:16:42 GMT )
Հունվար 29, 2023 17:46 Asia/Tehran
  • Տեղի են ունեցել հայ-եգիպտական բարձր մակարդակի հանդիպումներ, ստորագրվել են հուշագրեր

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով: Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։

armenpress.am