ՀՀ-ն համաձայնել է տարանջատել ԼՂ խնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i194590-ՀՀ_ն_համաձայնել_է_տարանջատել_ԼՂ_խնդրի_կարգավորումը_հայ_ադրբեջանական_գործընթացից_Փաշինյան
Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2023 16:01 Asia/Tehran
  • ՀՀ-ն համաձայնել է տարանջատել ԼՂ խնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից․ Փաշինյան

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։

Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված, և մեզ համար հանդիսանում են առաջնային մտահոգության հարցեր»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է։

Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով` համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:

armeniasputnik.am