ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են Հունաստանի պաշտպանության և անվտանգության «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Սպատայի «Metropolitan Expo» ցուցահանդեսային կենտրոնում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ «DEFEA»-ն կարևոր հարթակ է միջազգային շփումների, արդյունաբերական համագործակցության և պաշտպանության և անվտանգության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկատվության փոխանակման համար։ Ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոններ և հաստատություններ, որոնք ձևավորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացող զարգացումները։
Ցուցահանդեսին բազմաթիվ երկրների մասնակիցներ ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայի վերջին զարգացումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանական համակարգերի զարգացումը շարժիչ ուժ է թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, և թե՛ տնտեսական զարգացման համար։ Այս մասին ընդգծել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, ով բացել է ցուցահանդեսը։
Բացման արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի Պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը, տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը, Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը, հունական բանակի ծովային, ցամաքային և օդային ուժերի ղեկավար կազմը։
Ցուցահանդեսին մասնակցում են նաև պաշտոնական կառավարական և ռազմական պատվիրակություններ, ինչպես նաև այցելուներ մոտ 77 երկրներից:
armenpress.am