Փաշինյանը Բրյուսել է մեկնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Տարբեր ԶԼՄ–ներ այսօր արդեն գրել են, որ մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը նրանց հետ առանձին–առանձին կհանդիպի։
Հիշեցնենք` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին ավելի վաղ գրել էր «Financial Times»–ը և նշել` նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում։
2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
armeniasputnik.am