Վարդանյան. Աշխարհին պետք է ասել՝ համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը նշել է, որ աշխարհին պետք է ասել՝ «մենք համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»:
«Առանց գաղափարի հնարավոր չէ հաղթահարել դժվարությունները: Առանց հստակեցնելու գաղափարը՝ չես կարող հասկանալ, թե ուր ես շարժվում: Մենք՝ որպես շարժում, պետք է ասենք աշխարհին՝ մենք համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Մեր այս ասելիքը պետք է հնչի շատ հստակ, միասնական եւ հետեւողական, որովհետեւ աշխարհը հիմա մեզ չի լսում»,- Ստեփանակերտում գտնվող Շուշիից տեղահանվածների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը:
Շարժման Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ շարժումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում:
«Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են՝ թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ հանրության համար ընդունված վեց կարմիր գծերի՝ Հայաստանի հետ անխափան ու առանց սահմանափակումների ցամաքային կապի ապահովման, սեփական օրենքների, լեզվի, կրոնի ու մշակույթի, հայկական անձնագրի ու արժույթի, սեփական վերահսկողության ենթակառուցվածքների պահպանման կարեւորությունն ու անխախտելիությունը»,- ասված է հաղորդագրությունում:
mediamax.am