Արցախի արտգործնախարարը պարզաբանել է Վլադիմիր Պուտինին հղված նամակի նպատակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202562-Արցախի_արտգործնախարարը_պարզաբանել_է_Վլադիմիր_Պուտինին_հղված_նամակի_նպատակը
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյան Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ պարզաբանել է Վլադիմիր Պուտինին ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղարկած նամակի նպատակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2023 15:18 Asia/Tehran
  • Արցախի արտգործնախարարը պարզաբանել է Վլադիմիր Պուտինին հղված նամակի նպատակը

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյան Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ պարզաբանել է Վլադիմիր Պուտինին ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղարկած նամակի նպատակը։

«Ինչպես գիտեք, նման նամակներ պարբերաբար ուղարկվում են, եւ ոչ միայն ՌԴ նախագահին, այլեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին։ Ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունները դիմել են այդ քայլին։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այս իրավիճակին»,- տեղեկացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտը սպասում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում կգործադրի բոլոր ջանքերը շրջափակման վերացման համար, հատկապես այն պայմաններում, երբ հունիսի 15-ից հետո անհնար է մթերքներ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ տեղափոխել։ Միայն ԿԽՄԿ-ն է տեղափոխում սահմանափակ քանակությամբ դեղեր։ Ինչպես նշել է Ղազարյանը, խաղաղապահները պետք է իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկեն բոլոր քայլերը՝ շրջափակումը դադարեցնելու համար։ Ճշգրտող հարցին, թե արդոյք դա նշանակում է, որ բոլոր քայլերը չէ, որ ձեռնարկվում են, նախարարն ասել է, որ եթե այդ քայլերը ձեռնարկվեին, շրջափակում չէր լինի։ Նրա խոսքով՝ տարբեր պատճառներ են բերվում, թե ինչու դա չի արվում, բայց Ադրբեջանի սադրանքների նպատակներից մեկը խաղաղապահներին վարկաբեկելն է։ Նախարարը հիշեցրել է, որ այլ խաղաղապահների հրավիրելու հեռանկարը իրատեսական չէ կամ, առնվազն, չի կարող արագ իրականացվել, ընդ որում՝ համապատասխան որոշում պետք է ընդունի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Ցանկացած պարագայում Ստեփանակերտում սպասում են ստեղծված իրավիճակի փոփոխությունների։

Հարցին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը նամակի հասցեատերը, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ներառյալ Արցախը, ճանաչման մասին հայտարարում է ՀՀ վարչապետը, նախարարը պատասխանել է, որ Արցախում այդ հայտնի հայտարարություններին արձագանքել են։ Ինչպես ընդգծել է Ղազարյանը, Արցախի իշխանություններն առաջնորդվում են ժողովրդի կամքով, որն արտահայտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։ Անկախ այն բանից, թե ինչ մակարդակում է ասվում, մենք առաջնորդվում ենք այդ մանդատով, ամփոփել է ԱԳՆ ղեկավարը։

news.am