ԿԽՄԿ-ն արձագանքել է չթույլատրված ապրանքներ տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i202806-ԿԽՄԿ_ն_արձագանքել_է_չթույլատրված_ապրանքներ_տեղափոխելու_վերաբերյալ_Ադրբեջանի_մեղադրանքներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2023 12:34 Asia/Tehran
  • ԿԽՄԿ-ն արձագանքել է չթույլատրված ապրանքներ տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։

Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։

Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունը Լաչինի միջանցքով:

armenpress.am