Հայաստանը եւ Իրաքը թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ. Ռուստամ Բաքոյան
(last modified Mon, 04 Dec 2023 12:18:25 GMT )
Դեկտեմբեր 04, 2023 15:48 Asia/Tehran
  • Հայաստանը եւ Իրաքը թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ. Ռուստամ Բաքոյան

Երկու երկրները թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ, եւ վերջին երեք տարիների ընթացքում հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրիի հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

ԱԺ-ից   հայտնում  են, որ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում բարեկամական խմբի ղեկավարը մեծապես կարեւորել է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արեւելքի երկրների եւ, հատկապես, Իրաքի Հանրապետության հետ: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է վերջերս Հայաստան ժամանած Իրաքի նախագահի առաջին` պատմական այցին:

Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին նշել է, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Երկուստեք արժեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել պատգամավորական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեության կարեւորությունը:

Քննարկվել են փոխայցեր կազմակերպելուն, մի շարք ոլորտներում առարկայական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

news.am