Հայաստանը և Վրաստանը քննարկում են համատեղ մաքսային հսկողության մոդելները. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i212948-Հայաստանը_և_Վրաստանը_քննարկում_են_համատեղ_մաքսային_հսկողության_մոդելները._Փաշինյան
Հայաստանը և Վրաստանը քննարկում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2024 16:11 Asia/Tehran
  • Հայաստանը և Վրաստանը քննարկում են համատեղ մաքսային հսկողության մոդելները. Փաշինյան

Հայաստանը և Վրաստանը քննարկում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ համատեղ քննարկումների ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին։

«Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը։ Այս համատեքստում երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում է սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները»,– նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ մաքսային հսկողությանն առնչվող գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառույթների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բենռափոխադրումների պարզեցման տեսանկյունից։

Անդրադառնալով նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու հարցին Փաշինյանը շեշտեց` Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին»,– ասաց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար։