Ապրիլ 25, 2024 18:12 Asia/Tehran
  • Ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև Իրան, պետք է վերարտադրվի. Ալեն Սիմոնյան

ՀՀ սահմանը Վրաստանից մինչև Իրան պետք է վերարտադրվի, ինչպես դա եղել է անկախանալու պահին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հարցին, թե Տավուշի մարզում սահմանազատումից հետո հաջորդ քայլը որն է լինելու։

«Ուզում ենք մինչև վերջ` մինչև Մեղրի, մինչև Սյունիքի վերջ ու Իրան ՀՀ սահմանը վերարտադրենք, ինչպես որ մենք անկախացել ենք։ Կրկնում եմ` ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև  Իրան, պետք է վերարտադրվի»,– ասաց Սիմոնյանը

Հարցին` արդյոք ՀՀ–ն քննարկման է դրել երկրից 200 ք/կմ տարածք օկուպացնելու հարցը, Սիմոնյանը վստահեցրեց` այն մշտապես իրենց օրակարգում է։ Նա շեշտեց նաև, որ գործընթացը դեռևս չի վերջացել։

Միջպետական ճանապարհներին անվտանգության վերաբերյալ հարցին պատասխանելիս ԱԺ նախագահը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը, որ պետք է ստեղծագործաբար մոտենալ դրան ու շեշտեց, որ այդ մոտեցումը կառուցողական է համարում։

Նշենք, որ Ալիևը ապրիլի 23-ին ասել է, թե սահմանը պետք է սահմանազատել հավատարիմ մնալով սկզբունքներին, սակայն սահմանին հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում 2 կողմի համար էլ։ Նա նշել է, որ հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ ու չպետք է մեկ կոնրետ գիծ բռնել և կույր կատվի նման հետևել դրան։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

 

Պիտակ