Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ
(last modified Wed, 21 Aug 2024 14:18:46 GMT )
Օգոստոս 21, 2024 17:48 Asia/Tehran
  • Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանը օգոստոսի 21-ին հրավիրվել է հանրապետության ԱԳՆ, հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:

Ավելի վաղ հայաստանյան «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով,- կարտոֆիլ, ձու և լոլիկ են նետել Երևանում Բելառուսի դեսպանատան վրա:

Գերատեսչությունից հայտնել են, որ հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի մասին։

Բելառուսի ԱԳՆ-ում ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել են միջադեպի կանխմանն ուղղված հայ իրավապահների ոչ բավարար միջոցների վրա և հույս հայտնել, որ հարձակվողների ինքնությունը կպարզվի:

«Հայկական կողմին մատնացույց է արվել հյուրընկալող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության և նրա գույքի անվտանգության, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման պարտականությունը՝ ինչպես դա սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով և ընդունված է ամենուր», - նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիան, կատարողների խոսքերով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀՀ իշխանության և հայ ժողովրդի մասին արված արտահայտությունների համար է։