Ո՞ւմ նախաձեռնությամբ է Սուրբ Շարբելի արձանը դրվելու Հայաստանում. Արեւելք
Լիբանանից օրերս ցամաքային ճանապարհով Հայաստան բերվեց կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը:
Համաքրիստոնեական սրբին խորհրդանշող արձանը դրվելու է Հայաստանում, բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տեւել է յոթ օր:
Արձանի տեղադրման շուրջ սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում. շատերը տարակուսում են, թե ի՞նչ կապ ունի լիբանանյան ծագումով մարոնի սուրբը Հայաստանի հետ, եւ ո՞վ է նրա արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը:
«Արեւելք»-ի տեղեկություններով տասը մետրանոց արձանը լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը:
Սուրբ Շարբելի բազմաթիվ ուխտավայրեր կան Լիբանանում, Վատիկանում եւ կաթոլիկ հավատքի այլ բնակավայրերում: Շուտով Սիդնեյում բացվելու է Լիբանանից հետո աշխարհում ամենամեծ սուրբշարբելյան ուխտավայրը: Սուրբ Շարբելի սրբատեղիները ուխտավայրեր են դառնում ոչ միայն կաթոլիկների, այլեւ՝ մյուս դավանանքների տեր հավատացյալների համար:
Լիբանանցի մի խումբ գործարարներ որոշել են համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը տեղադրել նաեւ Հայաստանում եւ հանդես են եկել նախաձեռնությամբ:
Նախաձեռնությունը ողջունել են Հայաստանում կաթողիկե եկեղեցին եւ Լիբանանի մարոնիական ղեկավարությունը, ընտրվել եւ օրհնվել է վայրը, նրանց հովանավորությամբ էլ կատարվելու է արձանի եւ դրան կից ուխտավայրի բացումը:
Ըստ նախատեսվածի, այն նաեւ զբոսաշրջային նշանակություն է ունենալու Հայաստանի համար:
Արձանը պատրաստվել է լիբանանցի նշանավոր քանդակագործ Ջորջ Մախլուֆի արհեստանոցում, այն պատրաստված է ապակեպլաստիկից, խեժից եւ այլ նյութերից: Նախատեսվում է, որ նույն արհեստանոցում մի արձան էլ Վրաստանում դրվելու համար է պատրաստվելու: