«Եվրասիան»` պատժամիջոցների տակ. ինչպես է կազմակերպությունը շարունակելու աշխատանքը ՀՀ–ում
ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները «Եվրասիա» հասարակական կազմեկերպության (ՀԿ ) դեմ չեն խանգարի նրա աշխատանքին և նույնիսկ լրացուցիչ խթան կհաղորդեն։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը։
Նա նշեց, որ այդ որոշումը միանգամայն սպասելի էր և կանխատեսվում էր դեռ հուլիսին, երբ «Եվրասիայի» գործունեությունը սկսեցին սահմանափակել, իսկ իրեն արգելեցին մուտք գործել Վրաստան և Մոլդովա:
«Այն ժամանակ ես ասում էի, որ մեր դեմ արդեն փաստացի պատժամիջոցներ են կիրառվում։ Այժմ դա պաշտոնապես հաստատվել է: Մեզ համար դա ցուցանիշ է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այդ պատժամիջոցները մեզ չեն վախեցնում, դրանք միայն ամրապնդում են մեր վստահությունը և ստիպում ավելի մեծ նվիրումով աշխատել», - ընդգծեց Բադալյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակն արտացոլում է ժամանակակից աշխարհի իրողությունները։ «Եվրասիայի» նման կազմակերպությունները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, զբաղվում են նրանով, որ հաղորդում են ճշմարտությունը և բացում մարդկանց աչքերը։ Իսկ Արևմուտքը, Բադալյանի կարծիքով, վերջին 30 տարիների ընթացքում զբաղվել է գիտակցության մանիպուլյացիայով՝ օտար արժեքներ պարտադրելով և խաթարելով ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ազգային ինքնությունը։
«Պատժամիջոցները կարող են դժվարություններ ստեղծել հայ ուսանողներին դրամաշնորհներ տրամադրելու հարցում, այսինքն առաջին հերթին տուժելու է երիտասարդությունը։ Սակայն ես վստահ եմ, որ դա լուրջ խոչընդոտ չի դառնա, և մենք կշարունակենք իրականացնել մեր ծրագրերը»,- ընդգծեց նա։
Թեև կազմակերպությունը դեռևս գրանցված չէ Հայաստանում, Բադալյանը կարծում է, որ դա չի խանգարի իրենց հետագա գործունեությանը: Նա նշել է, որ նախկինում էլ են դժվարություններ առաջացել, բայց «Եվրասիան» միշտ ուղիներ է գտել աշխատանքը շարունակելու համար:
«Ամենակարևորը այն արձագանքն է, որը մենք ստանում ենք հայ երիտասարդներից»,- ընդգծեց Բադալյանը:
Ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան հայտնել էր, որ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ի կողմից՝ «Ռուսաստանի ազդեցության տակ թաքնված գլոբալ գործողությունների համար» ձևակերպմամբ: Նա նշել է, որ կազմակերպությունը գոյություն ունի ընդամենը հինգ ամիս և կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները, վախենալով իրենց ազդեցության կորստից, խուճապային կերպով շարունակում են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և այն ներկայացնող կազմակերպությունների դեմ: