ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով
(last modified Sun, 15 Sep 2024 14:01:00 GMT )
Սեպտեմբեր 15, 2024 17:31 Asia/Tehran
  • ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով

Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս տարածաշրջանային կոմունիկացիների օգտին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքից։

Սեպտեմբերի 14-ին  Ախթալայում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնց հնարավոր է եղել հասնել երեք երկրների առաջնորդների մակարդակով, և որոնք իրենց արտահայտումն են գտել 2020թ․ նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքից»,- ասաց ՌԴ փոխվարչապետը։

Հավելենք, որ 2022թ․ սեպտեմբերին ևս Օվերչուկը հայտարարել էր՝ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով անցնում է այն։

Հիշեցնենք` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։