Սեպտեմբեր 21, 2024 12:29 Asia/Tehran
  • ՀՀ-ն և ՄԱԳԱՏԷ-ն 5 տարվա համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև 2024-2029 թվականների համար համագործակցության շրջանակային փաստաթուղթ է ստորագրվել։

Փաստաթուղթը սահմանում է ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական համագործակցության հիմնական առաջնահերթություններն ու հետագա ծրագրերի իրականացման շրջանակը` ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ճառագայթային ապահովության և անվտանգության կարգավորման, միջուկային և ճառագայթային բժշկության, շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում։

Նշենք, որ սեպտեմբերի 16-20-ը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ  գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը։

Հիշեցնենք` ռուսաստանյան «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն այժմ Մեծամորի ԱԷԿ-ի միակ գործող`2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով (մինչև 2036 թ․) երկարացնելուն ուղղված աշխատանքներ է իրականացնում։

Դրանց ընթացքում նախատեսվում է գնահատել ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունները։ Այդ նպատակով «Ռոսատոմ Սերվիսը» դիտարկող նմուշներ է տեղադրել ռեակտորի կորպուսում, որոնցից ստացված տվյալները 2025 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ենթարկվելու են լաբորատոր փորձաքննության։

Դրական արդյունքների դեպքում 1979թ–ին շահագործման հանձնված Մեծամորի ԱԷԿ–ը կարող է ծառայել առավելագույնը մինչև 2036թ–ը։ Մինչ այդ Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել երկրի էներգետիկ անվտանգությունը չվտանգելու համար։

 

 

Պիտակ