Խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյանը Մակրոնին
(last modified Thu, 03 Oct 2024 14:45:18 GMT )
Հոկտեմբեր 03, 2024 18:15 Asia/Tehran
  • Խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյանը Մակրոնին

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

 Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Քննարկվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Մակրոնը Ֆրանսիայի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա օրակարգը։

«Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին և այլն:

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում: