Խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյանը Մակրոնին
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:
Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա օրակարգը։
«Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին և այլն:
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում: