Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի օգտագործում․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, թե Մոսկվան ինչ դիրքորոշում ունի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։
Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Մենք «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չենք օգտագործվում, մենք այդ տերմինաբանությունը չենք գործածում․․․ Ինչ վերաբերում է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների ներկայության հարցին, ապա դա այլ թեմա է»,- հավելել է նա:
Խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ ՌԴ դիրքորոշման մասին՝ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս մեկնաբանել է դա և անհրաժեշտ ամեն ինչ անում է այդ ապաշրջափակման համար:
Հիշեցնենք` ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ:
Նշենք, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին կետը ներառված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Ըստ այդ կետի` ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով, տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: