Մինսկի խմբի լուծարումն Ալիևին համադարման չէ
https://parstoday.ir/hy/news/armenia-i228024-Մինսկի_խմբի_լուծարումն_Ալիևին_համադարման_չէ
Հայաստանը կարող է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հավանականությունը: Առկա իրավիճակում, իհարկե, դա տրամաբանական և քաղաքական առումով նպատակահարմար դիրքորոշում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2025 15:14 Asia/Tehran
  • Մինսկի խմբի լուծարումն Ալիևին համադարման չէ

Հայաստանը կարող է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հավանականությունը: Առկա իրավիճակում, իհարկե, դա տրամաբանական և քաղաքական առումով նպատակահարմար դիրքորոշում է:

Բայց այդ քայլը չի փակում Լեռնային Ղարաբաղի խնդիրը:  Ոչ թե այն ակնկալիքով, որ ԵԱՀԿ անդամ պետություններից մեկը կամ մի քանի պետություն կարող են չհամաձայնել Հայաստանի և Ադրբեջանի միջնորդությանը, իսկ եթե կոնսեսուս չձևավորվի, ապա որոշում չի ընդունվի, այլ այն իրողության հիմքով, որ, չնայած Իլհամ Ալիևի «խորախորհուրդ դիտարկումներին» և հոխորտանքներին և ի հակակշիռ դրանց՝ Ադրբեջանի ներպետական օրենսդրության իմաստով Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ «Շուշի կենտրոնով մարզային լայն ինքնավարություն»:

Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարել է 1991թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ:  Այն ուժը կորցրած է ճանաչել Խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հուլիսի 7-ի «Ինքնավար Լեռնային Ղարաբաղ հռչակելու մասին» Դեկրետը, որով «Ղարաբաղի հայկական մասից», ինչպես ձևակերպված է փաստաթղթում, կազմավորվել է ոչ թե «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ», այլ «Ինքնավար Լեռնային Ղարաբաղ», որի հողը, ջուրը, անտառները, նյութական մյուս բոլոր արժեքները ճանաչվում են «ներկա տերերի սեփականություն»:

Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի այդ որոշումն իրավական ուժ չունի: Նախ, երեք օր անց Հայաստանի Գերագույն խորհրդի հայցի հիման վրա ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն այն ճանաչել է Խորհրդային Միության սահմանադրությանը «ոչ համապատասխանող»: Երկրորդ, ԼՂ ինքնավար կարգավիճակն ամրագրված է Ադրբեջանի ԽՍՀ վերջին՝ 1978թ. սահմանադրությամբ, իսկ Գերագույն խորհուրդը սահմանադրական փոփոխություն կատարելու որոշում չի ընդունել:

Բայց եթե անգամ այս հիմնավորումներից վերացարկվենք, ապա ԼՂ ինքնավարության լուծարումն իրավականորեն առ ոչինչ է նրանով, որ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով և մարզային լայն ինքնավարությամբ «թողնվել է» Ադրբեջանի կազմում:

Այլ միջազգային, միջպետական փաստաթուղթ, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի սահմաններում, գոյություն չունի:  Ինչ ձևակերպումներ էլ որ Իլհամ Ալիևն օգտագործի, Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրավական պատկանելիության հիմք, քան բոլշևիկյան Ռուսաստանի կուսակցական մարմնի վերաբերյալ որոշումն է, վկայակոչել չի կարող: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության լուծարման ակտն ընդունողները դա գերազանց գիտեին, ուստի իրենց սրբություն սրբոց՝ ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի վճիռը չեն բեկանել, ոչ իրավական կամ ուժը կորցրած չեն ճանաչել:

ԵԱՀԿ Մինսկի խումբն ստեղծվել է Ադրբեջանի խնդրանքով:  Ընդ որում, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի 1992 թ. մարտի 24-ի որոշումը դե-ֆակտո ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները, երբ գումարվելիք Մինսկի խորհրդաժաղովում շահագրգիռ կողմի մանդատով օժտել է նրա «ընտրված ներկայացուցիչներին»:

Եթե Ադրբեջանի նախագահը հետապնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նպատակ, ուրեմն ընդունում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել ոչ «օկուպացված տարածքներն ազատագրելու», այլ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը բռնաճնշելու, նրան ֆիզիկական բնաջնջման կամ դեպորտացիայի ենթարկելու նպատակով:  Եվ ռազմական գործողությունները ծավալվել են մի տարածքում, որ Ադրբեջանի «կազմում է թողնվել» երրորդ երկրի՝ բոլշևիկան Ռուսասատնի որոշմամբ:

Իրավաքաղաքական այս «քեյսի» առկայությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն Ալիևին համադարման չէ, քանի որ Ադրբեջանի ներպետական օրենսդրության իմաստով Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը լուծարված չէ, շարունակում է մնալ, քանի դեռ այդ երկրի Սահմանադրական դատարանը Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը չի ճանաչել «ապօրինի», «իրավական առումով առ ոչինչ» կամ, գոնե, «ուժը կորցրած»:

Ադրբեջանի նախագահը կգնա՞ նման համարձակ քայլի, կհակադրվի՞ Ռուսաստանին:  Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության հիմքը 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին հանուն Ադրբեջանի Հայաստանի անկախ պետության դեմ պատերազմն է, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի օկուպացիան: Այդ բարբարոսական պատերազմի հետեւանքով է, որ Լեռնային Ղարաբաղը թողնվել է Ադրբեջանի կազմում, Նախիջևանը՝ հանձնվել, իսկ զարական Ռուսաստանի նախկին Զանգեզուրի գավառը՝ բաժանվել հայկական և քրդական մասերի:

«Գետնի վրա» իրավիճակն, ինչ խոսք, պատմական այս իրողությունները քաղաքական դիսկուրսի առարկա դարձնելու հնարավորություն չեն ընձեռում կամ Հայաստանի իշխանություններին բավարար հետեւողականություն չեն ապահովում: Բայց դրանից չի հետեւում, թե Լեռնային Ղարաբաղի բռնատեղահանված բնակչության ներկայացուցիչները չեն կարող, իրավասու չեն միջազգային ատյաններում պայքարել ԼՂ սուբյեկտության վերահաստատման համար:  Չէ՞ որ նույնիսկ Ադրբեջանի իրավական համակարգն է նման հնարավորություն ընձեռում:

1in.am