Ամբողջական պատերազմը կազդի նաև ՀՀ–ի վրա. միջազգայնագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i230986-Ամբողջական_պատերազմը_կազդի_նաև_ՀՀ_ի_վրա._միջազգայնագետ
ԱՄՆ–ի և Իրանի միջև ամբողջական պատերազմ սկսվելու դեպքում այն կազդի նաև Հայաստանի վրա։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 03, 2025 14:57 Asia/Tehran
  • Ամբողջական պատերազմը կազդի նաև ՀՀ–ի վրա. միջազգայնագետ

ԱՄՆ–ի և Իրանի միջև ամբողջական պատերազմ սկսվելու դեպքում այն կազդի նաև Հայաստանի վրա։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լրագրող, միջազգայնագետ Աբբաս Ջուման` անդրադառնալով Իրանի շուրջ սպասվող զարգացումներին։ Նա խոսեց նաև այն մասին, թե ինչ կլինի ՀՀ–ի հետ նման պարագայում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագրեր չկնքեն: Ռուսաստանն էլ անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու սպառնալիքները։

«Եթե ամբողջական պատերազմ սկսվի, ապա դա չի կարող Հայաստանի վրա չազդել. Իրանն առևտրային, տնտեսական, քաղաքական կարևորագույն գործընկերներից է, ընդհանուր սահման կա։ Միանշանակ Հայաստանից Իրանի  ուշադրությունը կշեղի։ Բացի դրանից, թուրքական իշխանությունը Բաքվի հետ համատեղ պլաններ է մշակում Սյունիքի մարզի ուղղությամբ։ Այսօր ԻԻՀ–ն անվտանգության երաշխավորներից մեկն է ՀՀ–ի համար, ու Անկարային և Բաքվին ասել է` «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար կարմիր գիծ է։ Այդ իմաստով` ինչ   էլ լինի  Իրանի շուրջ , այս տարածաշրջանի վրա այն կզգացվի»,– նշեց Ջուման։

Նա հույս հայտնեց, որ հնարավոր կլինի խուսափել պատերազմից և գիտակցությունը կհաղթի։ Իրանն այս հարցում  շատ զգոն է , Ջուման վստահ է` դա ոչ սպառնալիք է, ոչ էլ վերջնագիր, դա ուղղակի ագրեսորին կանգնեցնելու փորձ է։