ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i231340-ՀՀ_ՆԳ_նախարարն_ընդունել_է_Իրանի_դեսպանին
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2025 12:42 Asia/Tehran
  • ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպաման առանցքում  զարգացող գործընկերությունն ու ոլորտներում համագործակցության ընդլայնումն է:

Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։  ՀՀ ՆԳ նախարար անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական  շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում են գործնական քայլեր նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների՝ առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։ Այս համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։

Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։ Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների իրականացմանը նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։

Հայաստանի և Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման և միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր։