Հայտնի է` ինչ են քննարկել ՀՀ–ի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները Թբիլիսիում
(last modified Thu, 17 Apr 2025 14:55:28 GMT )
Ապրիլ 17, 2025 18:25 Asia/Tehran
  • Հայտնի է` ինչ են քննարկել ՀՀ–ի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները Թբիլիսիում

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները` Վահան Կոստանյանը, Լաշա Դարսալիան և Էլնուր Մամեդովը, Թբիլիսում ներկայացրել են համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ իրենց տեսլականները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը։

Ըստ ԱԳՆ–ի` նրանք ընդգծել են, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։

«Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին` այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և ի վերջո նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:

Նշենք, որ փոխարտգործնախարարների հանդիպումը կայացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ։

arm.sputniknews