Ճանապարհը երեխաների դիերով էր ծածկված․ նոր փաստագրություններ Հայոց ցեղասպանության մասին
(last modified Wed, 23 Apr 2025 16:10:58 GMT )
Ապրիլ 23, 2025 19:40 Asia/Tehran
  • Ճանապարհը երեխաների դիերով էր ծածկված․ նոր փաստագրություններ Հայոց ցեղասպանության մասին

Աշխարհի 30 երկրներից դիվանագետների, միսիոներների և տարբեր գործիչների ավելի քան 70 վկայություններ են ընդգրկված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ժամանակավոր ցուցահանդեսում:

Այս փաստաթղթերը նկարագրում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սարսափները։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ցուցահանդեսի ժամանակ հայտարարեց, որ այստեղ հավաքված են նրանց վկայությունները, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին գտնվել են կամ պատահաբար հայտնվել են Օսմանյան կայսրությունում: Ցուցահանդեսի վերնագրում «հանցագործություն» տերմինը հատուկ է օգտագործվում՝ մի ամբողջ ազգի ոչնչացման փաստն ընդգծելու համար։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրության մեջ ներառված վկայությունների թվում կան նաև ռուս գործիչների փաստաթղթեր։

Թանգարան-ինստիտուտի ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընթերցեց մեծ գրող Լև Տոլստոյի դստեր՝ կոմսուհի Ալեքսանդրա Տոլստայայի գրառումը, որն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում որպես գթության քույր հայտնվել էր Կովկասյան և Հյուսիս-Արևմտյան ճակատներում։ Նրա գրառումներում նշվում է, որ Իգդիրով 30-40 հազար հայ է անցել։ Տղամարդկանց սպանում էին, կանանց՝ գերի տանում։ Տոլստայան գրում է մի հիվանդ կնոջ մասին, որի աչքի առաջ սպանել են ամուսնուն ու երեխաներին։ Նա աղաչում էր իրեն նույնպես սպանել, բայց նրան ասացին, որ «նա դեռ պետք կգա և տարան»։

Այստեղ ներկայացված են նաև Կուբանի կազակ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, Կովկասյան ճակատում մինչև 1917 թվականի ապրիլը թուրքերի հետ կռված Ֆյոդոր Իվանովիչ Ելիսեևի հուշերը։ Թանգարան-ինստիտուտի ցուցադրությունում ներկայացված է մի հատված «Կազակները Կովկասյան ճակատում 1914-1917թթ․» հուշագրությունից, որտեղ նկարագրված է Վանի շրջանի հայ գաղթականների քարավանի կոտորածը:

«Խորը ձորի բարձր ժայռոտ ափերից, որքան աչքը կտրում էր դեպի հարավ ու հյուսիս, հաճախակի մարդկանց դիակներ էին երևում։ Ճանապարհը տարավ ներքև։ Պատկերն էլ ավելի սոսկալի էր, քան երևում էր վերևից։ Կանայք և տղամարդիկ, մենակ և փոքր խմբերով, հավանաբար ընտանիքներով, ծածկում էին ձորի ամբողջ ճանապարհը։ Երբեմն հայ տղամարդիկ էին հանդիպում իրենց սայլերի մոտ, առանց եզերի, թալանված։ Բոլոր մեծահասակների կոկորդները կտրված էին, տղամարդիկ՝ հետևում կապված ձեռքերով, երեխաները սպանված էին գլխներին սուր մուրճերի հարվածով։ Բոլոր դիակները հրկիզված էինք։ Երիտասարդ հայուհիները բռնաբարված էին և քարացել, մահացել էին խայտառակ դիրքերով՝ ոտքերը բացված, ծնկները ծռմռված, շրջազգեստները մինչև գոտկատեղը բարձրացրած, մերկ․․․ պատկերը սարսափելի էր, ամոթալի»,- գրում է նա։

Այդ ժամանակների սարսափների մասին է վկայում նաև «Ռուսկիյե Վեդոմոստի» թերթի թղթակից և ռազմական թարգմանիչ, Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, հետագայում հայտնի արևելագետ, ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկու գրառումը։ Ուղևորությունն անջնջելի հետք է թողնում Գորդլևսկու հոգում, և ռազմաճակատից վերադառնալուց հետո նա հրատարակում է մի շարք հոդված- էտյուդներ՝ «Վանի պատմությունից», «Էրզրում», «Մեռած քաղաքը» («Ուղևորություն դեպի Ախլաթ)», «Թուրքիայում հայերի կյանքից», «Այնտեղ, ուր հնում հայեր էին ապրում» և այլն։

Ցնցված Գորդլևսկին այսպես է նկարագրում Արևմտյան Հայաստանի խոշոր բնակավայրերից մեկի՝ Բիթլիսի հայերի կոտորածը. «Փողոցները, տները, որտեղ հայեր էին ապրում, եկեղեցիներն ու վանքերը հեղեղված էին դիակներով, կանայք ընկած էին բռնաբարությունից հետո սպանված, դիակները հաճախ ածխացած էին․․․ Բիթլիսի ետևի ձորում դիակների սարեր էին, ոմանց վզին մետաղյա ծայրերով պարաններ կային, կարծես տանջողները սկզբում ծակծկել էին զոհերին։ Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ կոտորած։ Մարդիկ կարծես կորցրել են խիղճը: Այդպես ավելի քան մեկ միլիոն հայ է զոհվել»։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի յոթհատորյակը, հոդվածներ, հուշեր, օրագրեր, զեկույցներ, ֆոտովավերագրական նյութեր, ֆիլմեր, միսիոներների և հայ որբերի անձնական իրեր: Բազմաթիվ վկայությունների շարքում նաև թուրք վավերագրողների նյութեր կան։ Ցուցահանդեսին ներկա էին Սիրիայի, Ռուսաստանի և Չեխիայի դեսպանությունների ներկայացուցիչներ:

arm.sputniknews