Հայաստանն աշխարհի բնապահպանական քարտեզի վրա. մարտահրավեր և հնարավորություն
(last modified Fri, 16 May 2025 07:14:36 GMT )
Մայիս 16, 2025 10:44 Asia/Tehran
  • Հայաստանն աշխարհի բնապահպանական քարտեզի վրա. մարտահրավեր և հնարավորություն

Կայուն զարգացումը կառավարության, մասնավոր հատվածի և ամբողջ հասարակության ջանքերը միավորող համալիր մոտեցում է պահանջում։

 Միայն համատեղ աշխատանքը հնարավորություն կընձեռի արդյունավետորեն լուծելու բարդ բնապահպանական մարտահրավերները՝ կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պաշտպանությունից մինչև անտառահատման և անապատացման դեմ պայքարը։

Այդ գործընթացի կարևոր տարր է նորարարական աջակցության մեխանիզմների ստեղծումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կօգնեն բնական ժառանգությունը պահպանելուն և տնտեսական կայունությունն ապահովելուն։

Այս և այլ առանցքային ասպեկտներին անդրադարձավ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Կայուն զարգացման համաժողով Հայաստանում․ կամուրջ Բրազիլիայում անցկացվելիք COP 30-ի և Հայաստանում անցկացվելիք COP 17-ի միջև» համաժողովում։

Կայուն զարգացումն անհնար է առանց կառավարության և մասնավոր հատվածի միջև գործընկերության

Իր ելույթում ԵՄ դեսպանն ընդգծեց պետական-մասնավոր գործընկերության կարևորությունը հիմնական խնդիրների և մարտահրավերների, դրանց թվում՝ կենսաբազմազանության պահպանման գործում։

«Կառավարություններն ինքնին միայնակ չեն կարող ամեն ինչ անել։ Նրանք կարող են առաջնորդել և ցույց տալ ճանապարհը։  Երբեմն, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և երկրների հետ համաձայնությամբ Հայաստանում COP17-ի կազմակերպման դեպքում, հնարավորություններ են ստեղծվում բոլորիս համար։  Այդ իրադարձությունը սոսկ ֆորում չէ, այլ հնարավորություն է Հայաստանի համար՝ հայտարարելու իր և համաշխարհային բնապահպանական գործընթացներում իր դերի մասին»,- նշել է Մարագոսը։

«Մեր աշխատանքի մի մասն այստեղ՝ Հայաստանում, կապված է այն փաստի հետ, որ կառավարությունը լայն իմաստով աջակցում է դիվերսիֆիկացիային և մրցունակությանը: Մենք չպետք է այս խոսքերը կամ նպատակները զուտ տնտեսական իմաստով գնահատենք, քանի որ ուզում ենք տեսնել և ցույց տալ հենց դրա առավել գլոբալ մոտեցումը: Ըստ իս, կայունությունն է, որ մեզ ստիպում է այս ուղղությամբ համատեղ աշխատելու»,- հավելել է նա: Ըստ Մարագոսի՝ խոսքը գլոբալ, համակարգային մոտեցման մասին է, որտեղ կայունությունը հիմնարար արժեք է։ Նա COP30-ից մինչև COP17-ը Երևանում անցկացվելիք ուղին տեսնում է ոչ միայն խորհրդանշական, այլև ռազմավարական տեսնակյունից՝ որպես հնարավորություն՝ գլոբալ հավակնությունները որոշակի տեղական փոփոխությունների վերածելու նպատակով։

«COP17-ի անցկացումը Հայաստանում կարևոր հնարավորություն է երկրի և տարածաշրջանի համար: Դա գործողություններն արագացնելու, գործընկերությունները խորացնելու կոչ է, ինչպես նաև ցույց տալու, թե ինչպես կենսաբազմազանության նկատմամբ գլոբալ հավակնությունները կարելի է վերածել տեղական նշանակության փոփոխությունների:  Մենք Հայաստանի կառավարությանն առաջարկում ենք համագործակցել՝ ցույց տալու համար, թե ինչ է արդեն արվել կենսաբազմազանության ոլորտում և ինչպիսին է դրա ներուժը»,- հայտարարել է նա:

Հայաստանի բնապահպանական մարտահրավերները. ռիսկեր և լուծումներ

«Այսօր Հայաստանը բախվում է մի շարք սուր բնապահպանական մարտահրավերների, և ջուրը կարևոր ոլորտներից մեկն է»,- շարունակեց դեսպանը։ Ջրային ռեսուրսների պակասից բացի, Հայաստանը բախվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անտառահատումները, աղտոտումը, անապատացումը և, որպես հետևանք, կենսաբազմազանության կորուստը։

Հայաստանն ունի եզակի կենսաբազմազանություն, ներառյալ՝ հազվագյուտ բույսերի և կենդանիների տեսակներ, որոնք վտանգված են անկայուն հանքարդյունաբերության, բնական էկոհամակարգերի ոչնչացման և բնապահպանական օրենքների վատ կիրառման պատճառով։ Այս խնդիրները պահանջում են կառավարության ավելի ակտիվ գործողությունները։

 «Ես համոզված եմ, որ կենսաբազմազանության պահպանումը պետք է դառնա տնտեսական զարգացման, ֆինանսական ներդրումների և միջազգային դիվանագիտության առաջնահերթություն: COP17-ի 2026 թվականին Հայաստանում անցկացումը երկրին եզակի հնարավորություն կտա ցուցադրելու իր ջանքերը և համաշխարհային ուշադրությունը հրավիրելու այս խնդիրների վրա»,- ընդգծեց նա:

Ըստ Մարագոսի՝ եզակի և դինամիկ տեսակները ճնշման տակ են հայտնվում՝ թե՛ թույլ վերահսկողության, թե՛ երբեմն անկանոն արդյունահանման պատճառով, որը հանգեցնում է բնակավայրերի դեգրադացիայի։ «Այստեղ կառավարությունները կարող են ավելին անել։ Ես կարծում եմ, որ կենսաբազմազանությունը պետք է երկրորդական հարցից տեղափոխվի զարգացման, ֆինանսների և դիվանագիտության կիզակետ, և COP17-ը մեզ կտա այդ հնարավորությունը։ Կցանկանայի ընդգծել նաև, որ Եվրոպական Միության հանձնառությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում բնապահպանական անցմանը, ինչպես նաև, այս համատեքստում, կենսաբազմազանության պահպանմանը դեռևս ուժեղ է և աճում է։ Կառավարության հետ համագործակցության ծրագրում մենք բնապահպանական և կլիմայական կայունությունը սահմանել ենք որպես հիմնական առաջնահերթություն»,- շեշտեց նա։

Սևանը սոսկ ջրային տարածք չէ, նաև կենսական զարկերակ է

Ըստ Մարագոսի՝ այժմ բանակցություններ են ընթանում «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության» նոր առանցքային նախաձեռնության մեկնարկի ուղղությամբ։ Լճի վրա բացասաբար են ազդում անօրինական անտառահատումները, որսագողությունն ու կլիմայի փոփոխությունը։  Եմ դեսպանը համոզմունք է հայտնել, որ նախագիծը կամրապնդի լճի մաքրման ջանքերը և կօգնի տարածաշրջանում քիմիական պարարտանյութերի օգտագործումը վերացնելուն՝ հանուն լճի և բնակիչների առողջության պահպանման։

Նոր նախագիծը կներդնի նորարարական ֆինանսավորման մոդելներ, և կուժեղացվի էկո-պարեկային ծառայությունը։ Նախատեսվում է նաև աջակցություն կլիմայական պայմաններին դիմացող անտառտնտեսությանը և գետերի վերականգնմանը։  «Սևանա լիճը սոսկ  ջրային տարածք չէ, այն նաև կենսական զարկերակ է շրջակա համայնքների համար, ջրի, կենսաբազմազանության, մշակույթի և հպարտության աղբյուր»,- շեշտեց Մարագոսը:

ԵՄ դեսպանը համոզված է, որ COP17-ից առաջ Հայաստանը կարող է ցուցադրել երեք հիմնական ասպեկտ՝ նպատակասլացություն՝ կենսաբազմազանության նոր ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի ավարտման և իրականացման միջոցով, նորարարությունների ներդրում՝ Սևանում և դրանից դուրս էկոհամակարգային ծառայությունների մոնիթորինգի և վճարումների համար թվային տեխնոլոգիաների կիրառում, ինչպես նաև ՏՏ համայնքի ակտիվ ներգրավվածություն, որը նույնպես կարևոր դեր կխաղա այդ հարցում։

news.am