Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
(last modified Thu, 10 Jul 2025 06:39:41 GMT )
Հուլիս 10, 2025 10:09 Asia/Tehran

«Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը»,–գրել է Նազելի Բաղդասարյանը։

Չի բացառվում, որ Հայաստանն ու Ադրբեջանն Աբու Դաբիում ինչ-որ բան կնախաստորագրեն կամ ինչ–որ հայտարարություն կընդունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։

«Պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք գործ ունենք իրավիճակի հետ, որտեղ ամեն ինչ չափազանց արագ է զարգանում»,– նշեց քաղաքագետը։

Սարգսյանը պատահական չի համարում, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք պաշտոնյաներ հարցազրույցներում ու հայտարարություններում հույս են հայտնում, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կգան։

Այս համատեքստում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երեկվա հայտարարությունը, որում նա ասել էր, թե հույս ունի, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի։

Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ–ն որոշակի միջնորդական առաքելություն ունի կոնֆլիկտի մեջ, և այդ առաքելությամբ էլ նա հանդես է գալիս հիմա։ 

 Ըստ նրա` Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք բանակցում են առանց միջնորդների, չեն չեղարկում այս փաստը, քանի որ պաշտոնական Վաշինգտոնը գործում է կուլիսներում:

«Վերջին հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ ազդում է գործընթացի վրա»,– հավելեց նա։

Սարգսյանը պատահական չի համարում նաև այն փաստը, որ Փաշինյան–Ալիև հանդիպումը հենց ԱՄԷ–ում է տեղի ունենում, չէ որ այդ երկիրը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ–ի համար և վստահելի է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։

«ԱՄՆ հովանավորչության ներքո է տեղի ունենում այս պրոցեսը, բայց որպեսզի երկրների առաջնորդները չգնան ԱՄՆ, հանդիպում են մեկ այլ երկրում, որը հարմար հարթակ է տրամադրում, իսկ ԱՄՆ կմեկնեն միայն ինչ–որ բան ստորագրելու համար»,– ասաց նա։

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկներ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղի ստեղծելու վերաբերյալ, Սարգսյանն ասաց, որ նման հրապարակումները նորություն չեն:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ն դեռևս Քի Ուեսթում էր նման տարբերակ առաջարկել։ Նա դժվարանում է ասել, թե որքանով է դա ընդունելի կողմերի համար, սակայն եթե հերքում չի եղել, այդ թվում նաև Բաքվի կողմից, ապա չի բացառվում, որ նման առաջարկ կրկին կլինի։