Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Էրդողան
(last modified Sun, 13 Jul 2025 14:24:54 GMT )
Հուլիս 13, 2025 17:54 Asia/Tehran
  • Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին։

Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ X-ի էջում տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է արվել նաև հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցություններին, որոնք սկսվել են Աբու Դաբիում կայացած երկխոսությամբ։   Նա նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տևական անդորր հաստատելու ջանքերին»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ։  Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով:  Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:   Հայաստանը   հաջողված է համարում հանդիպումը։