ԱՄՆ-ն սահմանեց ղարաբաղյան կարգավորման նոր «քարտեզը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i23494-ԱՄՆ_ն_սահմանեց_ղարաբաղյան_կարգավորման_նոր_քարտեզը
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է հայտնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից: Նա ասել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2016 08:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն սահմանեց ղարաբաղյան կարգավորման նոր «քարտեզը»

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է հայտնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից: Նա ասել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը:

«Վիեննայում այս հարցի շուրջ որոշակի հակասություններ հնչեցին, սակայն հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մինսկի խումբը ձեռնարկում է հրադադարի պահպանումը երաշխավորող հետաքննական մեխանիզմներ», ասել է նա:

Ուորլիքը հնարավոր է համարել նաև համաձայնության ձեռք բերումը տարակարծություններ առաջացնող խնդիրների շուրջ: «Այս բանակցություններում յուրաքանչյուր կետ պետք է համաձայնեցվի, և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Գործընթացը երեկ չի սկսվել. այն տարիներ շարունակ ընթացքի մեջ է, և հուսով եմ, որ խնդրի լուծումը մոտ է», հավելել է ՄԽ համանախագահը:

Ուորլիքն ասել է, որ ԼՂՀ բանակցային գործընթացում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան այս խնդրի վերաբերյալ նույն դիրքորոշումն ունեն: «Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծման մեջ, նախագահն էլ բավական ժամանակ է ներդրել բանակցային գործընթացում», ասել է ամերիկացի համանախագահը:

Ուորլիքի այս հարցազրույցը հետեւեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանն ու դրանից հետո պաշտոնական Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի հայտարարություններին: Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մամեդովը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի փուլային լուծման վերաբերյալ, ըստ որի՝ հայկական ուժերն ազատում են 7 շրջանները, որից հետո քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Նրան պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, հայտարարելով, որ Սանկտ Պետերբուրգում նման պայմանավորվածություն չի եղել, եւ հիշատակեց փաթեթային լուծումը, ըստ որի՝ առաջնային պետք է որոշվի կարգավիճակի հարցը:

Այս հայտարարություններին հետեւեց ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, որում Մամեդովի հայտարարությունը որակվեց որպես այլասերված մեկնաբանություն եւ կոչ արվեց խստորեն հետեւել Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահների հայտարարությանը:

Այս ֆոնին, Ուորլիքը որոշ մանրամասներ հայտնեց բանակցությունների մասին, կրկին պնդելով հետաքննության մեխանիզմների հարցը: Դրան դեմ է Ադրբեջանը, այդ կապակցությամբ լռում է Ռուսաստանը, որին նույնպես ձեռնտու չէ այդ մեխանիզմի ներդրումը: Սակայն Ուորլիքն ասում է, որ համանախագահ երկրներն այս հարցում տարաձայնություններ չունեն:

Ադրբեջանին կստիպե՞ն ընդունել այդ մեխանիզմը: Ըստ էության, խնդրի կարգավորման փուլային ու փաթեթային տարբերակները, որոնց շուրջ է հայկական եւ ադրբեջանական կողմերի տարաձայնությունը, ենթադրում են բովանդակային առումով նույն լուծումը, եւ այդ տարաձայնությունն ընդամենը քայլերի հերթականության ու երաշխիքների շուրջ է:

Հայաստանն առայժմ չի հայտարարել, որ հրաժարվում է նման լուծումից, որը ենթադրում է հայկական կողմի միակողմանի զիջումներ: Բանն այն է, որ կարգավիճակի հարցը, որին, ըստ Մամեդովի հայտարարության՝ Ադրբեջանը համաձայն է, իրականում չի կարող համարվել ադրբեջանական կողմի փոխզիջումը: Առավել եւս, որ Ադրբեջանը դրա մասին խոսում է փուլային տարբերակի համատեքստում:

Արդյոք սա է հակասությունների առարկան, որի մասին խոսում է ամերիկացի համանախագահը, թե՞ հետաքննության մեխանիզմների տեղակայումը: Եթե առաջինն է, ապա կարգավորումն իսկապես մոտ է, քանի որ կարելի է գտնել փաթեթա-փուլային «միջանկյալ» ինչ որ տարբերակ: Իսկ եթե հակասությունները վերաբերվում են մեխանիզմների ու սարքավորումների տեղակայմանը, որոնք նաեւ ստատուս-քվոն ամրագրելու միջոց են, ապա սա կարող է դառնալ երկարատեւ նոր բանակցային գործընթացի թեմա:

Թեեւ, այս պարագայում էլ կան որոշակի հանգամանքներ: Բանն այն է, որ կարող է համաձայնություն ձեռք բերվել մեխանիզմների տեղակայման վերաբերյալ, սակայն տարաձայնություններ լինեն դրանց աշխարհագրության շուրջ: Մասնավորապես, թե որտեղ են դրվելու, այսինքն՝ ինչ սահմաններով է ճանաչվելու նոր ստատուս-քվոն:

Իսկ դա կարող է ուղեկցվել նաեւ «փուլային պատերազմով», եթե միջնորդները չկարողանան կամ չցանկանան պահպանել հրադադարի ռեժիմը: Առավել եւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացը ներկայում «կիսվել» է, եւ առկա է ըստ ամենայնի համաձայնեցված երկու զուգահեռ գործընթաց՝ Մինսկի խմբի շրջանակում եւ Ռուսաստանի հովանու ներքո: Սանկտ Պետերբուրգում նախագահների հայտարարության մեջ ամրագրվեց, որ Մինսկի խմբի ջանքերին զուգահեռ, Ռուսաստանը կշարունակի եռակողմ հանդիպումների ձեւաչափը:

lragir.am

26/6/2016