Հայաստանում հարցվածների 47 տոկոսը կողմ է արտահայտվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 47 տոկոսը հայտնել է, որ կողմ է և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հարցին՝ Դուք կաջակցե՞ք, թե՞ դեմ կլինեք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հարցվածների 29 տոկոսն ասել է, որ լիովին կողմ է և կաջակցի, 18 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կողմ է և կաջակցի։
Հարցվածների 7 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դեմ է, 33 տոկոսը միանշանակ դեմ է արտահայտվել, 10 տոկոսն ասել է, որ իր դիրքորոշումը կախված է խաղաղության պայմանագրի վերջնական պահանջներից, 2 տոկոսն էլ դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել հարցին։
Հարցին, թե որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական առավելությունները, մասնակիցների 74 տոկոսը նշել է խաղաղության հաստատումը, 9 տոկոսը՝ տնտեսական զարգացումը, 8 տոկոսը նշել է տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը, 6 տոկոսը՝ ճանապարհների ապաշրջափակումը, 2 տոկոսը՝ համերաշխության և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
5 տոկոսը նշել է այլ առավելություններ, 4 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա ոչ մի առավելություն չունի, իսկ 7 տոկոսը հրաժարվել է կամ դժվարացել է հարցին պատասխանել։
Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։
Հարցումն անցկացվել է 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։