Մեկնաբանություն - «Զանգեզուրի միջանցքը» լուրջ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և աշխարհաքաղաքական դիրքին
https://parstoday.ir/hy/news/armenia-i235036
«Զանգեզուրի միջանցքը», որը ենթադրում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, չնայած իր խաղաղ և զարգացմանը միտված տեսքին, լուրջ և բացասական հետևանքներ ունի Հայաստանի համար։ Չնայած երկիրը կարող է համաձայնվել այս նախագծին Արևմուտքի ճնշման տակ և տնտեսական կամ անվտանգության խոստումներով, սակայն ավելի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ միջանցքն ավելի շատ սպառնալիք է երկրի ինքնիշխանության, անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքի համար, քան հնարավորություն։
(last modified 2025-07-23T07:35:19+00:00 )
Հուլիս 23, 2025 11:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն  - «Զանգեզուրի միջանցքը» լուրջ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և աշխարհաքաղաքական դիրքին

«Զանգեզուրի միջանցքը», որը ենթադրում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, չնայած իր խաղաղ և զարգացմանը միտված տեսքին, լուրջ և բացասական հետևանքներ ունի Հայաստանի համար։ Չնայած երկիրը կարող է համաձայնվել այս նախագծին Արևմուտքի ճնշման տակ և տնտեսական կամ անվտանգության խոստումներով, սակայն ավելի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ միջանցքն ավելի շատ սպառնալիք է երկրի ինքնիշխանության, անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքի համար, քան հնարավորություն։

Առաջին և ամենակարևոր վտանգն ուղղված է Հայաստանի ազգային ինքնիշխանության դեմ։   Ամերիկյան ընկերությանը միջանցքի 100-ամյա վարձակալության առաջարկը, նույնիսկ եթե դա ակնհայտորեն արվում է ոչ կառավարական կազմակերպության քողի ներքո, փաստացի նշանակում է Հայաստանի տարածքի մի մասը հանձնել օտարերկրյա կառավարման։ Սա ոչ միայն հակասում է ազգային ինքնիշխանության սկզբունքներին, այլև կարող է դառնալ պրակտիկա այլ դերակատարների համար՝ նմանատիպ զիջումների համար ավելի մեծ ճնշում գործադրելու Երևանի վրա։

Երկրորդ՝ Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային դերակատարների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների ազդեցության աճը կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը՝ ի վնաս Հայաստանի։ Չնայած Արևմուտքը կարող է կարճաժամկետ աջակցություն խոստանալ Հայաստանին, փորձը ցույց է տվել, որ խոշոր տերությունների ներկայությունը տարբեր տարածաշրջաններում, հիմնականում ուղղված է սեփական շահերի ապահովմանը։ Միացյալ Նահանգները ձգտում է «Զանգեզուրի միջանցքով»  ներթափանցել Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով Իրանի և Չինաստանի ուղիները և նվազեցնելով Ռուսաստանի ավանդական ազդեցությունը։ Մինչդեռ, Հայաստանը դառնում է ավելի շատ աշխարհաքաղաքական գործիք, քան ռազմավարական գործընկեր։

Երրորդ բացասական կետը Հայաստանի համար տարածաշրջանային և ներքաղաքական լարվածության աճն է։ Եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականություն դառնա, հարևանների հետ համաձայնության և փոխըմբռնման բացակայության դեպքում, կարող է հանգեցնել անվտանգության մարտահրավերների։ Իրանը բացահայտորեն հայտարարել է, որ դեմ է ցանկացած արտատարածքային միջանցքի։ Եթե առաջարկվող միջանցքը անտեսի Թեհրանի շահերը, Իրանը կարող է օգտագործել դիվանագիտական և նույնիսկ դաշտային գործիքներ՝ դրան հակազդելու համար։ Սա Հայաստանը դնում է զգայուն աշխարհաքաղաքական մրցակցության առաջնագծում։

Չորրորդ՝ Հայաստանի մեկուսացումը այլընտրանքային և հավասարակշռված տարածաշրջանային նախագծերից։ Արևմուտքի և Թուրքիայի ազդեցության ներքո մշակված ծրագրին համաձայնվելը կարող է Հայաստանին հեռացնել Իրանի, Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի հետ հավասարակշռված համագործակցությունից։ Այս երեք երկրները համարվում են Հայաստանի կարևոր առևտրային և անվտանգության գործընկերները։ Եթե Երևանը ընտրի տարանցիկ երթուղիները մենաշնորհելու ուղին,  կկորցնի այլընտրանքային բազմակողմ նախագծերին մասնակցելու հնարավորությունը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջանցքը կամ Արասի միջանցքը։

Հինգերորդ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դերի ամրապնդումը Հայաստանում  և հայ հասարակության հոգեբանական անապահովության խորացումը։ Այս նախագծի հետևում կանգնած է Թուրքիան, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում և թյուրքական աշխարհում։ Իսկ Հայաստանի պատմական հարաբերությունները Թուրքիայի հետ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, շատ փխրուն են և լի անվստահությամբ։ Թուրքերի կամ նրանց կից ընկերությունների ներկայությունը այս միջանցքում կարող է լուրջ մտահոգություններ առաջացնել հայկական ներքին հասարակության շրջանում։

Վերջին հաշվով, «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը, այլև երկիրը կներքաշի բարդ և ռիսկային աշխարհաքաղաքական մրցակցության մեջ։ Նման որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով երկրի երկարաժամկետ շահերը, պահպանելով տարածքային ամբողջականությունը և հարևանների հետ հավասարակշռված գործընկերությունը։ Հակառակ դեպքում, ամենաշատը կտուժի Հայաստանը։ 


Աղբյուր՝ Tabnak News - վերլուծական կայք