ՀՀ դատախազությունը պահանջում է Մայր աթոռին նվիրված տարածքները վերադարձնել ՊՆ–ին
ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, որով նախարարությունը եկեղեցուն շենք–շինություններ և հողատարածք էր նվիրել: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025 թ. հուլիսի 30–ին, այն դեռ վարույթ չի ընդունվել: Գործը մակագրված է դատավոր Լիլիթ Դրմեյանին։
Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թ. մարտի 29–ի «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշմանը:
Ըստ այդ որոշման` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք–շինություններն անհատույց օգտագործման իրավունքով նվիրել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2019 թ. օգոստոսի 30–ին:
«Պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի, ՀՀ դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,– «Հետքին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ 2025 թ. փետրվարի 13-ին էլ Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019 թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն:
Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Դատախազությունից «Հետքին» հայտնել էին, որ հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության տեսանկյունից։ Մասնավորապես, եկեղեցիները պատմամշակութային օբյեկտներ են, հետևաբար օտարման ենթակա չեն, մինչդեռ համայնքի ղեկավարը համապատասխան որոշմամբ և նվիրատվության պայմանագրով փոխանցել է Հայ առաքելական եկեղեցուն։