Հարավային Կովկասի երկրներն ունեն ընդհանուր և ռազմավարական նշանակություն շահեր. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i238326-Հարավային_Կովկասի_երկրներն_ունեն_ընդհանուր_և_ռազմավարական_նշանակություն_շահեր._Փաշինյան
Հարավային Կովկասի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, ունեն ընդհանուր շահեր և կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերն ունեն ռազմավարական նշանակություն։
(last modified 2025-10-22T05:52:46+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 09:22 Asia/Tehran
  • Հարավային Կովկասի երկրներն ունեն ընդհանուր և ռազմավարական նշանակություն շահեր. Փաշինյան

Հարավային Կովկասի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, ունեն ընդհանուր շահեր և կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերն ունեն ռազմավարական նշանակություն։

 Այսօր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա բնական համարեց մրցակցությունը, սակայն շեշտեց, որ այդ էներգիան կարելի է օգտագործել գործակցության մթնոլորտ ձևավորելու համար՝ հասկանալով, որ բեռները, խողովակաշարերը, որոնք կանցնեն տարածաշրջանով, եկամուտ են բերելու բոլոր երկրներին։

«Տրանսպորտային կապերը բերում են միասնական օգուտներ, բայց պետք է ուղիղ ասել, որ դրանք բերում են փոխկախվածություններ։ Դա բերում է տնտեսական աճի, բյուջետային եկամուտների աճի, պետական ծախսեր անելու և հանրությունների մակարդակը բարձրացնելու էֆեկտի։ Հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշում կայացնելու կարողություններով»,- ասաց նա։

Հայաստանի վարչապետն առանձնացրեց երկրների ինքնուրույն որոշում կայացնելը՝ շեշտելով, որ դա էլ բխում է տարածաշրջանի շահից։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր ձևավորված մթնոլորտը փաստում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, քանի որ, ի տարբերություն նախնիների, հասկացել են, որ հակամարտությունը միայն կորուստ է բերում և վտանգում պետականությունը։