Հայաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են ստորագրել բազմամիլիարդանոց պաշտպանական համաձայնագիր
Pars Today – Հայաստանն ու Հնդկաստանը մոտ են բազմամիլիարդանոց պաշտպանական համաձայնագրի կնքմանը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,5–4 միլիարդ դոլար։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն Հայաստանի հակաօդային պաշտպանության, հրթիռային համալիրների և հրետանային կարողությունների արդիականացման ոլորտներում։
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, «Մասիս Փոստ» թերթը գրել է․-«Նյու Դելին քննարկում է Հայաստանին նոր սերնդի Akash-NG զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցը։Այս մոդելն ունի մեծ հեռահարություն և կարող է դառնալ Հայաստանի ՀՕՊ համակարգի առաջին պաշտպանական շերտը։ Հայաստանը նախկինում գնել էր Akash համակարգերի կարճ հեռահար տարբերակներ։
Երկու երկրի բանակցությունների շրջանակում քննարկվում է BrahMos հրթիռների համատեղ արտադրության հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև Pinaka համազարկային կրակի համակարգերի նոր խմբաքանակի մատակարարումը։ Առաջին նման մատակարարումն արդեն իրականացվել էր 2023 թվականին։
2022 թվականից Հնդկաստանը դարձել է Հայաստանի հիմնական ռազմարդյունաբերական գործընկերը՝ մատակարարելով հակատանկային համալիրներ, հաուբիցներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր։ Թեև պաշտոնական Երևանը վերջին շրջանում հայտարարել է ռազմական ծախսերի կրճատման մասին, նոր բանակցությունները վկայում են, որ պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություն։