«Արցախ» միությունը ԵԽ պատգամավորներին կոչ է անում ներկա լինել Բաքվի «դատավարություններին»
«Արցախ» միությունը դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ կոչ անելով մեկնել Բաքու և ներկա լինել պատանդառված հայերի ապօրինի դատավարություններին։
Միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդարան է ուղարկել ամենալայնածավալ զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։
Զեկույցը պատրաստել են «Արցախ» միությունը և գործընկեր կազմակերպությունները («Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն», «Իրավունքի գերակայություն» ՀԿ, «Հայկական իրավական ճակատ» և մի խումբ իրավապաշտպաններ):
«Գերեվարված հայերից յոթն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների՝ ստանալով 15-20 տարվա ազատազրկման պատիժ: Մյուս տասնվեցը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև»,- նշում է միությունը՝ շեշտելով, որ ԵԽ պատգամավորների ներկայությունն այս դատավարություններին կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր 23 գերիները համապատասխանում են պետական պատանդ ճանաչվելու սահմանմանը: Պատանդ վերցնելու միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածը հանցագործությունը սահմանում է որպես անձի առևանգում կամ կալանավորում և վնաս հասցնելու սպառնալիք երրորդ կողմին (այդ թվում` համայնքին)` գործողությունների կամ գործողություններից ձեռնպահ մնալու հարկադրելու նպատակով սահմանելով այն որպես ազատ արձակման նախապայման»,- շեշտում են միությունից։
Ուստի 23 հայ բանտարկյալների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով շարունակվող հետապնդումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ իրականացվող ևս մեկ ակտ է։
Միաժամանակ միությունն ընդգծում է, որ պատանդների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումները քաղաքական բեմադրության վերածված գործընթացներ են, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված հանցագործությունները կոծկելու նպատակով:
«Արցախ» միությունը կարծում է, որ սա նաև ավելի լայն ռազմավարության մի մաս է։
«Այս ռազմավարությունն արտացոլում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանական «գլխատման ծրագիրը», որը ժողովրդի ղեկավարությանը վերացնելու և վախ սերմանելու փորձ էր։ Ադրբեջանի ուղերձը 150,000 բռնի տեղահանված հայերին հստակ է՝ մի՛ վերադարձեք. հայրենիք վերադառնալու ցանկացած փորձ կհանդիպի հետագա հալածանքների»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Արցախ» միության և գործընկեր կազմակերպությունների զեկույցում նաև մանրամասն անդրադարձ է արվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանից վտարվելուց հետո վերահսկողության մեխանիզմների վատթարացմանը, ներկայացվում են միջազգային հանրության արձագանքները, այդ թվում՝ ԵՄ հաստատությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հնչած բազմաթիվ պահանջներն ու կոչերը: