Հայաստանի ջրային կոմիտեի նախագահն այցելել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i240182-Հայաստանի_ջրային_կոմիտեի_նախագահն_այցելել_է_Թեհրան
Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի նախարարական մակարդակի ամենամյա՝ արդեն 14-րդ նիստին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։  
(last modified 2025-12-09T08:52:41+00:00 )
Դեկտեմբեր 09, 2025 12:22 Asia/Tehran
  • Հայաստանի ջրային կոմիտեի նախագահն այցելել է Թեհրան

Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի նախարարական մակարդակի ամենամյա՝ արդեն 14-րդ նիստին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։  

Նշվում է, որ ԻԻՀ էներգետիկայի նախարար և RCUWM Կառավարման խորհրդի նախագահ Աբբաս Ալի Աբադիի հրավիրած նիստի ընթացքում քննարկվել են աշխարհում քաղաքային բնակչության աճի ազդեցությու սահմանափակ ջրային ռեսուրսների վրա, կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի, կառավարման և ջրային ցիկլի վրա, ջրային պաշարների նվազումը և համակարգված միջազգային արձագանքման անհրաժեշտությունը։ 

Ջրային կոմիտեի նախագահն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր կառուցողական մասնակցությունը տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներին, այդ թվում՝ ուղղված ընդհանուր ջրային անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում։ 

Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանային ջրային խնդիրների արդյունավետ լուծումը տեսնում է համադրված գործողությունների, փոխլրացնող փորձագիտական կարողությունների և երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ճանապարհով։

Հաղորդվում է, որ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ՝ Ղալամքարյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին, ծանոթացել իրանական առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներին, ծառայություններին և արտադրանքին, գնահատել դրանց հնարավոր կիրառելիությունը Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից, ստեղծել կապեր՝ հետագա հնարավոր գործակցության համար։ 

Նշվում է, որ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը այցելել է նաև Իրանի հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերություն, որը ջրամբարների և էներգետիկ ենթակառուցվածքների խոշորագույն շինարարն է Իրանում։

Իրանի Էներգետիկայի նախարարության ղեկավարների հետ Ղալամքարյանը քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։