ՀԱԿ–ն առաջարկում է Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i240870-ՀԱԿ_ն_առաջարկում_է_Հայաստանի_տարածքով_դեպի_Իրան_երկաթուղի_կառուցել
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման համար առաջարկում է բացառապես Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու, վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
(last modified 2025-12-27T08:12:29+00:00 )
Դեկտեմբեր 27, 2025 11:42 Asia/Tehran
  • ՀԱԿ–ն առաջարկում է Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման համար առաջարկում է բացառապես Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու, վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը թերություններ ունի ու ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, ինչպես նաև միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին։

«Շատ գերտերություններ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, դուրս են շպրտվել այդ կարգավորումից։ Եվ դա աշխարհաքաղաքական լարվածության ական է ստեղծում»,- ասաց Զուրաբյանը։

Ըստ նրա՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ TRIPP-ի իրականացումը կհանգեցնի նրան, որ հայկական բոլոր կոմունիկացիաները կախված կլինեն Ադրբեջանից: Հետևաբար Հայաստանը կենթարկվի Բաքվի կողմից ճնշումների, որոնք կպահանջեն քաղաքական զիջումներ, այդ թվում՝ ժողովրդագրության ոլորտում։

Կուսակցությունն առաջարկում է իր ծրագիրը։ Զուրաբյանի խոսքով՝ դեռևս 2016 թվականին չինական ընկերություններից մեկը կատարել է բոլոր հաշվարկները։ ՀԱԿ-ն առաջարկում է երկաթուղին կառուցել Գագարինից անցնելով Գավառի, Մարտունու, Գորայքի, Սիսիանի, Տաթևի, Մեղրու և Ագարակի տարածքներով դեպի Իրանի սահման:

«Բնականաբար, կարծում ենք, որ Ագարակում այդ նախագիծը չպետք է ավարտվի։ Պետք է ճանապարհ ստեղծվի դեպի Թավրիզ կամ Ջուղա, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթուղով կապել Իրանի հետ։ Դա թույլ կտա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ ստեղծել»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ երկաթուղին լինելու է Հայաստանի տարածքում, այն կարող է դառնալ Սև ծովը Պարսից ծոցին, Հնդկական ծոցին կապող միջազգային տրանսպորտային ճանապարհի մի մասը: Վստահ է՝ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։

Զուրաբյանը նաև ընդգծեց՝ եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղի կառուցվի Ինգուշեթիայով, ապա դա կապահովի նաև ՌԴ-ի հետ ուղիղ կապն առանց Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության:

Sputnik.