Հաջիևի «խաղաղասիրական հայտարարությունը» հիբրիդային հարձակման հստակ օրինակ է․ Ոսկանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i241146-Հաջիևի_խաղաղասիրական_հայտարարությունը_հիբրիդային_հարձակման_հստակ_օրինակ_է_Ոսկանյան
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին տված հարցազրույցը քողարկված հիբրիդային հարձակման հստակ օրինակ է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Վարդան Ոսկանյանը։
(last modified 2026-01-03T09:42:52+00:00 )
Հունվար 03, 2026 13:12 Asia/Tehran
  • Հաջիևի «խաղաղասիրական հայտարարությունը» հիբրիդային հարձակման հստակ օրինակ է․ Ոսկանյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին տված հարցազրույցը քողարկված հիբրիդային հարձակման հստակ օրինակ է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Վարդան Ոսկանյանը։

Նշենք` Հաջիևն այդ հարցազրույցի ժամանակ ասել է, թե իրենք խաղաղություն են կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ։

Ըստ Վարդա Ոսկանյանի` սա քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում` վիրավորական «միտք» է։

«Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման դասական նմուշ է, քանի որ՝ Հայաստանի ներսում՝ որպես այն ներկայացնող, «սահմանվում» են երկու առանձին սուբյեկտներ՝ կառավարություն և ժողովուրդ, ինչի «տրամաբանությամբ» ստացվում է, որ կառավարությունը լիարժեք լեգիտիմություն չունի ներկայացնելու և չի ներկայացնում իրենից տարբեր և առանձին սուբյեկտ դիտարկվող ժողովրդին, ուստի խաղաղությունը կառուցվում է հայաստանյան երկու սուբյեկտների հետ»,-գրել է քաղաքագետը։

Ոսկանյանն ընդգծել է, որ երբ արտաքին՝ այն էլ թշնամական պետության բարձրաստիճան պաշտոնյան, շրջանցելով Հայաստանի պետական կառուցակարգերը և դրանք ներկայացնող պաշտոնյաներին, փորձում է «բարի քեռու» դիրքերից «խոսել» Հայաստանի ժողովրդի հետ, դա, մեղմ ասած, ուղիդ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ճնշում պետական մարմինների վրա։

Ըստ քաղաքագետի՝ բացահայտ փորձ է կատարվում խաղաղության հաստատումը ներկայացնել ոչ թե երկկողմ, այլ միակողմանի գործընթաց, որտեղ միակ կամ հիմնական, այլն էլ «բարի», դերակատարը հենց Բաքվի վարչախումբն է, որը և որոշում է, թե ինչ սուբյեկտների հետ պետք է առանձին-առանձին կառուցի այդ խաղաղությունը։

«Հետևաբար, խնդրո առարկա նախադասությունը ոչ թե խաղաղասիրական հայտարարություն է, այլ հիբրիդային հարձակման հստակ օրինակ, որի միջոցով, ըստ էության, կասկածի է ենթարկվում Հայաստանի պետական կառուցակարգերի լեգիտիմությունը, միջամտություն է տեղի ունենում Հայաստանի ներքին գործերին, խթանվում ներհայաստանյան պառակտում, և ի վերջո՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը նաև միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ»,-ընդգծել է Ոսկանյանը։