Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական հացահատիկից. 2025 թվականի տվյալներ
2018-2025 թվականների ընթացքում ՌԴ-ից հացահատիկի ներմուծման առավելագույն ծավալը գրանցվել է 2022 թվականին՝ 533,6 հազար տոննա, նվազագույնը՝ 2019 թվականին՝ 290,3 հազար տոննա։
Հայաստանի համար Ռուսաստանը 2025 թվականին ևս շարունակում է մնալ հացահատիկային մշակաբույսերի առանցքային մատակարարը. 2025 թվականի հունվար–նոյեմբերին ՌԴ-ից մատակարարվել է ընդհանուր ներմուծման 99,8%-ը՝ 366,4 հազար տոննա: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ այս տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիներին հացահատիկի ներմուծման կառուցվածքը մնում է գրեթե անփոփոխ. մատակարարումների ավելի քան 99 %-ն իրականացվում է Ռուսաստանի շուկայից։
Մինչև այս տարվա վերջ Հայաստանը պետք է ներկրեր ևս մոտ 108 հազար տոննա հացահատիկ, այդ թվում` 75 հազար տոննա ցորեն, 8 հազար տոննա գարի և 25 հազար տոննա եգիպտացորեն՝ հիմնականում նույնպես Ռուսաստանից։
2018-2025 թվականների ընթացքում ՌԴ-ից հացահատիկի ներմուծման առավելագույն ծավալը գրանցվել է 2022 թվականին՝ 533,6 հազար տոննա, նվազագույնը՝ 2019 թվականին՝ 290,3 հազար տոննա։
Հայաստանի հացահատիկի տարեկան միջին պահանջարկը գնահատվում է մոտ 660 հազար տոննա։ Էկոնոմիկայի նախարարությունում ընդգծել են, որ Ռուսաստանի շուկայից կախվածության պահպանման դեպքում շարունակվում են ներմուծման դիվերսիֆիկացման աշխատանքները. իրականացվել է այլընտրանքային առևտրային ուղղությունների և լոգիստիկ ծախսերի վերլուծություն: