Փաշինյանը կոչ արեց հոգևորականներին միանալ «բարենորոգմանը» և զեղչել կաթողիկոսի անունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին մասնակցել պատարագներին, հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանն» ու զեղչել կաթողիկոսի անունը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր իր հրավիրած ուխտերթի ավարտին՝ ելույթ ունենալով Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ տեղադրված բեմահարթակից։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրված փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
«Այսօր եկեղեցու փաստացի պետն (նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին–խմբ.) ու իր ձևավորած նեղ շրջապատը, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին․․․ Մենք էլ պետք է ընդունենք մեր մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ, մենք մեր եկեղեցին մենակ ենք թողել հերձվածի հետ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։