Արցախի ԱԺ պատգամավոր․ Վենսի այցի օրը պետք է բարձրացնել գերիների հարցը
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան կատարելիք այցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վենսի այցի օրը պետք է բարձրացնել գերիների հարցը:
«Ամերիկան խաղաղություն է ուզում Հարավային Կովկասում՝ շատ լավ։ Ամերիկան պնդում է, որ այդ խաղաղությունը հաստատել է և անգամ պատրաստ է մեծ գումարներ ներդնել տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման մեջ։ Ալիևն ու Փաշինյանն էլ հոտընկայս ծափահարում են Թրամփին, ով այդ հարգանքը հաստատ ձեռք է բերել ոչ թե սանրվածքի, այլ բռի ուժ ունենալու շնորհիվ։
Շուտով Թրամփի տեղակալը գալիս է արդեն «խաղաղված» տարածաշրջան, ով հաստատ կունենա այն ուժն ու կարողությունը, որպեսզի Ալիևից «խնդրի» հայ ռազմագերիների վերադարձը։
Մեզ էլ կմնա Վենսի Երևան գալու օրը հիշեցնել նրան այդ խնդրանքը հասցեատիրոջը հասցնելու մասին։
Եթե իսկապես խաղաղություն է, ապա ռազմագերիներն Ադրբեջանին պետք չեն։ Թող ժեստ անեն, որի վրա Վենսն ու Թրամփը լայնորեն կփիառվեն»,- գրել է Աղաբեկյանը։