Ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատությամբ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համախառն արտաքին պարտքը 2025 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ գերազանցել է 2,5 տրիլիոն դոլարը։ Այս մասին նշվում է ԵԱՏՄ հանձնաժողովի տեղեկատվության մեջ։
Ամենախոշոր պարտքային պարտավորությունները շարունակում են կուտակված լինել Ռուսաստանում, որին հաջորդում են Ղազախստանը և Բելառուսը։ Ղրղզստանն ու Հայաստանը ունեն ամենափոքր արտաքին պարտքը բացարձակ թվերով, սակայն այս երկրներում վարկային դինամիկան նկատելիորեն բարձր է։
ԵԱՏՄ երկրների արտաքին պարտքը՝
Ռուսաստան — 308 միլիարդ դոլար,
Ղազախստան — 171 միլիարդ դոլար,
Բելառուս — 37 միլիարդ դոլար,
Հայաստան — 18 միլիարդ դոլար․
Ղրղզստան — 12,8 միլիարդ դոլար։
Պարտքի կառուցվածքը զգալիորեն տարբերվում է։ Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում գերակշռում է պետական կառավարման մարմինների պարտքը։ Ղազախստանում հիմնական բաժինը կազմում են ուղղակի ներդրումների պարտավորությունները, ներառյալ միջֆիրմային վարկավորումը։ Ռուսաստանում արտաքին պարտքի զգալի մասը բաժին է ընկնում տնտեսության այլ ոլորտների, առաջին հերթին՝ խոշոր ընկերություններին։
Երկարաժամկետ դինամիկան նույնպես անհամաչափ է։ 2010 թվականից Հայաստանի արտաքին պարտքը աճել է 2,8 անգամ, Ղրղզստանինը՝ 2,6 անգամ, Բելառուսի պարտքը՝ 1,3 անգամ, իսկ Ղազախստանի պարտքը՝ 1,4 անգամ։ Ռուսաստանը, ընդհակառակը, 2014-ից սկսած հետևողականորեն կրճատում է արտաքին պարտքը, և 2025 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմում է 2010-ի մակարդակի 63,1 %-ը։
Ֆինանսական կայունության տեսանկյունից հիմնական ցուցանիշը մնում է արտաքին պարտքի ապահովվածությունը միջազգային պահուստներով։ Այստեղ առանձնանում է Ռուսաստանը, որտեղ պահուստների ծավալը գերազանցում է արտաքին պարտքը ավելի քան երկու անգամ (231,5 %)։ Մնացած ԵԱՏՄ երկրներում այս ցուցանիշը զգալիորեն ցածր է՝ սկսած Հայաստանի 24,1 %-ից մինչև Ղրղզստանի 58,3 %։