Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i249760-Եթե_Ռուսաստանը_որոշի_դուրս_բերել_ռազմաբազան_Հայաստանից_մենք_չենք_առարկի_Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման թեմային՝ հստակեցնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը։
(last modified 2026-09-03T09:49:02+00:00 )
Սեպտեմբեր 03, 2026 13:07 Asia/Tehran
  • Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման թեմային՝ հստակեցնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը։

Նա հայտարարել է, որ թեև Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ռազմաբազայի հարցը չի քննարկվել, Հայաստանը խոչընդոտներ չի ստեղծի, եթե Մոսկվան նման որոշում կայացնի։

«Այնպես չի, որ մենք ռուսական ռազմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն։ Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ տարածքից, մենք չենք առարկի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ երբեք այս ընթացքում այդ հարցը չեն բարձրացրել։

Այս հայտարարությունը հաջորդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին արած հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե Մոսկվան պատրաստ է «թեկուզ վաղը հեռանալ» Հայաստանից, եթե հայ ժողովուրդն ու երկրի ղեկավարությունը համարեն, որ ռուսական ռազմական ներկայությունն իրենց անհրաժեշտ չէ։

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին ստորագրված միջպետական պայմանագրի հիման վրա, որի գործողության ժամկետը հետագայում երկարաձգվել է մինչև 2044 թվականը։