Հայ կաթողիկոսի 18-րդ դարի գավաթը վաճառվել է Christie's-ում $21.000-ով
https://parstoday.ir/hy/news/armenia-i25876-Հայ_կաթողիկոսի_18_րդ_դարի_գավաթը_վաճառվել_է_christie's_ում_21.000_ով
Լոնդոնի Christie's աճուրդում £15.000 ($21.510) գումարով ապրիլի 21-ին եզակի հայկական արծաթագործ և էմալապատ գավաթ է վաճառվել իր ափսեի հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 12, 2016 15:09 Asia/Tehran
  • Հայ կաթողիկոսի 18-րդ դարի գավաթը վաճառվել է Christie's-ում $21.000-ով

Լոնդոնի Christie's աճուրդում £15.000 ($21.510) գումարով ապրիլի 21-ին եզակի հայկական արծաթագործ և էմալապատ գավաթ է վաճառվել իր ափսեի հետ:

Գավաթը 18-րդ դարի երկրորդ կեսին պատրաստվել է հայ կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու համար`այն գնահատված էր £7.000 - £10.000 ($9.954 - $14.220):

Փոքր ոտնակով գավաթի բարձրությունը 5,8 սմ է, երկու կողքից բռնակներ են` առյուծների տեսքով: Գավաթը զարդարված է ռելիեֆային պատկերներով` զույգ հրեշտակները պահում են պսակը, որը պատված է երկնագույն, փիրուզագույն և կանաչ էմալով: Գավաթի վրա փորագրված են նաև կաթողիկոս Ղուկասի անվան գլխատառերը:

Կլոր ափսեի տրամաչափը 15 սմ է, այն զարդարված է ռելիեֆային նկարով, որտեղ պատկերված է խաչով առյուծը, արտաքին եզրով պատկերված է գունավոր էմալով պատված 4 սիրտ:

Ղուկաս Ա Կարնեցու կաթողիկոսական օծումը տեղի է ունեցել 1780-ին: 1786-ին նա Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր տաճարը, նրա հորդորանքով է Հարություն Շմավոնյանը 1784-ին Մադրասում հրապարակել հայկական առաջին պարբերական «Ազդարարը»: Կաթողիկոսը մահացել է 1799, Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքում: