ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Ծիծեռնակաբերդ
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։
Ալան Միլը նշել է, որ հայերի հանդեպ թուրքերի իրագործած վայրագություններն ու Ցեղասպանությունը պետք է դատապարտվեն բոլորի կողմից։ Կառավարությունները պետք է ճանաչեն այն, ինչն իրականում տեղի է ունեցել։ Մարդկանց պետք է իրազեկել, դպրոցներում պետք է դասավանդել ցեղասպանության վերաբերյալ եւ պետք է ամեն ինչ անել, որ դրանք չկրկնվեն։
Ջուզեպպե Գալատիի կարծիքով էլ՝ Եվրախորհուրդը մեծ ծավալի աշխատանք է կատարում տարբեր դավանանք ունեցող երկրների միջեւ հարաբերությունները հստակեցնելու եւ կայունացնելու ուղղությամբ, որպեսզի նման ողբերգություններ տեղի չունենան։
Armenpress.am