Լապշինի արտահանձնումը չի կանգնեցնելու մարդկանց հոսքն ԼՂ. Էդվարդ Նալբանդյան
Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը վնաս կհասցնի միայն այդ երկրներին և ոչ միայն վարկանիշի առումով:
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցին: «Միանգամայն հասկանալի է մեր հասարակության վրդովմունքը: Հայաստանի, այլ երկրների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը համահունչ է դրան: Ինչո՞ւ է Ադրբեջանը նման գործողությունների գնում: Դուք ասում եք, որ այնքան էլ նրա համար չէ, որպեսզի մարդիկ Լեռնային Ղարաբաղ չայցելեն: Երեւի առաջին հերթին հենց դրա համար է. բոլորն էլ հասկանում են, բոլորի արձագանքը հենց դրա մասին էր՝ չնայած բացատրությունները, թե ինչու պետք է արտահանձնել Լապշինին, դրանով չէին պայմանավորված, այլ ուրիշ ձեւակերպում ունեին: Բայց այն տասնյակ երկրներից հարյուրավոր հեղինակավոր, ականավոր դեմքերի, անգամ՝ պետական այրերի, արտգործնախարարների անունները պարունակող, այսպես կոչված, «ադրբեջանական սեւ ցուցակն» ինքնին խոսուն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նախարարը վստահ է, որ այս դեպքը նախադեպ չի լինի և մարդկանց հոսքն ԼՂ սրանով չի կանգնելու: «Մարդկանց հոսքն ավելացավ եւ շարունակելու է աճել: Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են եւ պետք է արվեն, բայց չեմ կարծում, որ մենք պետք է հայտարարենք, թե ինչպես ենք անում, ինչ ենք անելու եւ ինչ պետք է անել: Երկրորդը, միգուցե Ադրբեջանը նաեւ փորձում է, ներքաշելով այսպիսի գործարքների մեջ այլոց, այլ ուղղություններով վնաս հասցնել, կամ վնասներ հասցնել: Հավասարակշռությունից դուրս եկած, քանզի իրենց նյարդերն արդեն տեղի են տվել, փորձում են այլոց եւս հավասարակշռությունից հանել: Մենք պետք է չտրվենք դրան եւ Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք»,- ասաց Նալբանդյանը:
Արդյո՞ք Ադրբեջանը կփոշմանի, կամ չի փոշմանի, կհասկանա, կամ չի հասկանա, որ իր կատարած քայլերը միջնադարյան մոտեցում են. նախարարը շեշտեց, որ ակնհայտ է մի բան՝ այդ երկիրն առավել ու առավել մեկուսացման մեջ է հայտնվում. Նրա խոսքով՝ վերջին օրինակներից էր Ադրբեջանի ղեկավարի այցելությունը Բրյուսել: «Դուք քաջատեղյակ եք, թե ինչ եղավ, ինչ հայտարարություններ եղան ու ինչ արձագանքներ այնտեղ հնչեցին»,- եզրափակեց Նալբանդյանը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Armenpress.am