Ղարաբաղյան խնդիրը անհանգստացնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին. իրանագետ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ի թիվս տարածաշրջանային այլ կոնֆլիկտների, ընդգրկված է Ռուսաստանի և Իրանի նախագահների՝ մարտի վերջին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգում:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ սա շատ բնական է, քանի որ ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ Իրանին ձեռնտու չէ կովկասյան տարածաշրջանում «տաք օջախների» առաջացումը:
Իրանագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Ղարաբաղյան խնդիրը անհանգստացնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին, Կովկասը երկու երկրների շահերի կիզակետում է գտնվում և երկուսին էլ բացարձակապես ձեռնտու չէ տաք օջախներ տեսնել Կովկասում, որովհետև դա առնչվում է իրենց ազգային անվտանգության խնդիրներին: Այս հարցը իսկապես անհանգստացնում է նրանց, և շատ բնական է, որ Իրանի ու Ռուսաստանի նախագահները հանդիպման ժամանակ պետք է անդրադառնան այս խնդրին»:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած վերջին այցի ընթացքում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես՝ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Հոսեյն Դեհղանին, ինչպես նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին շեշտել էին, որ ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի:
Ինչո՞վ է բացատրվում այս փուլում Իրանի կողմից ԼՂ հակամարտության գոտում կայության պահպանումը և Հայաստանի հետ հարաբերությունները կարևորելը: Հարցին Գոհար Իսկանդարյանը հետևյալ պատասխանը տվեց. «Սա նաև կարևորվում է Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցման առումով, որը կրկին վտանգ է ներշնչում Իրանի Իսլամական Հանրապետությանը, և Թեհրանը փորձում է հստակեցնել իր սահմաններում գտնվող երկրների հետ հարաբերությունները: Կարծում եմ՝ շեշտադրումը ավելի շատ կապված է այս հանգամանքի հետ»:
1in.am