Հայաստանի էլեկտրոնային միջավայրում նախատեսվում է իրանակացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i54284-Հայաստանի_էլեկտրոնային_միջավայրում_նախատեսվում_է_իրանակացնել_Անվտանգ_երեխա_ծրագիրը
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի ու Սամվել Զաքարյանի համատեղ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 12:46 Asia/Tehran
  • Հայաստանի էլեկտրոնային միջավայրում նախատեսվում է իրանակացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի ու Սամվել Զաքարյանի համատեղ հանդիպումը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Վերջերս մեկնարկած համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» (Safe kid) ծրագիրը, ինչը պետք է նպաստի էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, երեխաների եւ ծնողների՝ համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանն ու էլեկտրոնային միջավայրի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Համատեղ հանդիպումը նպատակ ուներ միավորելու մասնակիցների ջանքերը՝ ապահովելու էլեկտրոնային միջավայրում երեխաների պաշտպանությունը՝ միաժամանակ նրանց հնարավորություն ընձեռնելով օգտվելու համացանցի լայն հնարավորություններից: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության աջակցությամբ դպրոցներում կներդրվեն կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացներ, հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն կիբերանվտանգության հիմունքների ուսուցման ծրագրով, ինչպես նաև կնախատեսվի վերապատրաստում ծնողների համար:

Այնուհետ՝ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին Safe kid ծրագրի հնարավորությունները, այն մշակվել է պաշտպանելու երեխաներին անցանկալի կայքեր այցելելուց և տեղեկատվություն որոնելուց, նշվեց նաև, որ ծրագիրը  հնարավորություն ունի վերահսկել համացանցում երեխաների գործողությունները և հաշվետվություն ներկայացնել ծնողներին: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև տրամադրել սույն ծրագիրը բոլոր դպրոցներին արտոնյալ պայմաններով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանում կազմակերպել համացանցից անվտանգ օգտվելու մասին երեխաների իրավունքին նվիրված համատեղ միջազգային գիտաժողով:

Armenpress.am