Մոսկվան ակտիվորեն կզբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ. Գենադի Բուրբուլիս
«Ռուսաստանն ավելի ու ավելի է հետաքրքրվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ պետք է Մոսկվայից այս ուղղությամբ ավելի ակտիվ քայլերի սպասել»: Այս մասին հայտարարել է ՌՍՖՍՀ նախկին փոխվարչապետ Գենադի Բուրբուլիսը «haqqin.az»-ի հետ զրույցում:
Վերջինս, սակայն նկատել է նաեւ, որ ամենեւին էլ կարիք չկա ուռճացնելու Հայաստանի վրա Ռուսաստանի ունեցած ազդեցությունը եւ այդ համատեքտսում նաեւ Մոսկվայի ունեցած հնարավորությունները Ղարաբաղյան հարցի առնչությամբ: «Ղարաբաղյան հակամարտությունը իրենից ներկայացնում է խորը հիմնախնդիրների մի կծիկ: Միամտություն կլիներ կարծել, որ Ռուսաստանը մոնոպոլ իրավունքներ կամ հնարավորություններ ունի, որոնք կբերեին կողմերին խաղաղության եւ համաձայնության: Կան գլոբալ եւ ռեգիոնալ ուժեր, միջռեգիոնալ կորպորացիաներ, որոնք ամենեւին էլ բաց ու թափանցիկ չեն խաղում եւ հայտնում իրենց դիրքորոշումները , սակայն նաեւ ի զորու են ազդելու կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Բուրբուլիսը եւ ամփոփել, որ ոչ մի գերտերություն ներառյալ նաեւ Միացյալ Նահանգները ի վիճակի չէ միանձնյա կերպով նման մասշտաբի ազգամիջյան հակամարտություն լուծելու: