Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հարցում. Վիգեն Սարգսյան
Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հարցում՝ ակնհայտորեն աջակցելով Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում։
Պատասխանելով երկկողմանի երկխոսության հեռանկարների առկայության եւ Ռուսաստանի հնարավոր դերի մասին հարցերին՝ նախարարը նշել է. «Մենք տեսանք Ռուսաստանի շատ դրական տրամադրվածությունը, երբ Հայաստանի նախաձեռնութամբ սկսվեցին հարաբերությունների կարգավորման հնարավորությունների բանակցությունները, այդ ժամանակ Մոսկվան պատրաստակամության շատ բարձր մակարդակ ցուցաբերեց այդ նախաձեռնությանն աջակցելու հարցում։ Այսինքն՝ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ մասնակցեց արձանագրությունների ստորագրման արարողությանը, որոնք ծնվեցին այդ բանակցությունների արդյունքում։
Դժբախտաբար, Թուրքիան հերթական անգամ իր մեջ ուժ չգտավ իրականացնելու իր վրա վերցված պարտականությունները եւ նույնիսկ ստորագրելով արձանագրությունները՝ չկարողացավ դրանք վավերացնել սեփական խորհրդարանում։ Գործընթացը դադարեցվել է։ Իմ կարծիքով, դա շատ տխուր է, որովհետեւ ինչպես դուք հասկանում եք, հաշվի առնելով առկա բոլոր պատմական իրականությունները, հաշվի առնելով Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը, առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղու վրա կանգնելը Հայաստանի ղեկավարությունից շատ մեծ քաղաքական կամքի ուժ էր պահանջում։
Մենք հայտնաբերեցինք բանաձեւեր, որոնք թույլ տվեցին ստեղծել երկրների միջեւ ХХI դարի համար բնական հարաբերություններ՝ բոլոր չլուծված հարցերը բաց թողնլով ապագայի համար։ Բայց, ինչպես ես հասկանում եմ, այսօր Թուրքիան իր սեփական խնդիրներով ու հարցերով լի զամբյուղ ունի, եւ նա բոլորովին այլ խնդիրներով է զբաղված, որոնք ամենատարբեր միջոցներով փորձում է լուծել իր երկրի ներսում։ Այժմ այդ թեմայի շուրջ զրույցներ հաստատ չկան։
Դրանով հանդերձ՝ Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հարցում՝ ակնհայտորեն աջակցելով Ադրբեջանին եւ քաղաքականապես, եւ սպառազինություն ու տեխնոլոգիա մատակարարելու, հրահանգողներ ուղարկելու տեսանկյունից եւ շատ այլ հարցերում, ինչն իմ կարծիքով բավականին փոխում է տարածաշրջանում դինամիկան։ Դա շատ լուրջ սպառնալիքներ է ստեղծում, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության հարավային թեւում, քանի որ դա տեղի է ունենում Դաղստանի սահմանների մերձակայքում։ Ես կարծում եմ, որ երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների՝ ՆԱՏՕ-ի անդամների հետ փոխգործակցության մասին եւ այլն, ապա երկիրը, որը դաշինքից ամենաշատն է ներկայացված մեր տարածաշրջանում՝ հենց Թուրքիան է, որն ակնհայտորեն անմիջական Ռուսաստանի հետ սահմանին Արդբեջանում շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում։
Ես հասկանում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսության զարգացման շատ դրական շրջանում են։ Բայց ես ամեն դեպքում տեսադաշտում կպահեի նման լուրջ վտանգը»։
News.am