Քննարկվել են իրանական ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ փոխադրելու հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i68628-Քննարկվել_են_իրանական_ապրանքները_Հայաստանի_տարածքով_ԵԱՏՄ_երկրներ_փոխադրելու_հնարավորությունները
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 30-­ին ընդունել է Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանը՝ Սավեի գավառապետ Մոհամմադ Բահարվանդի գլխավորությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2017 12:40 Asia/Tehran
  • Քննարկվել են իրանական ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ փոխադրելու հնարավորությունները

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 30-­ին ընդունել է Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանը՝ Սավեի գավառապետ Մոհամմադ Բահարվանդի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-­ին   տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատվիրակության այցը տեղի է ունեցել դեսպան Թումանյանի՝ հուլիսի 4-­ից 5-­ը ԻԻՀ Կենտրոնական  (Մարքազի) նահանգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Պատվիրակության կազմում էին նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների  ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվել  են իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները:   Ըստ  գավառապետ Մոհամմադ Բահարվանդի՝ այդ ընկերությունները ցանկություն են հայտնել ընդգրկվել նաև օգոստոսին  Հայաստան, մասնավորապես՝ Տավուշի մարզ մեկնող պատվիրակության կազմում:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք ընդհանուր հարցեր, այդ թվում՝  Հայաստան­Իրան տնտեսական կապերի ամրապնդման, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման,  Հայաստանում ներդրումներ կատարելու և իրանական ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ  փոխադրելու   հնարավորությունները:

Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, օտարերկրյա  ներդրումների համար ստեղծված պայմանները, առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների  առավելությունները, հարկային և մաքսային օրենսդրության որոշ պահանջներ և մի շարք այլ հարցեր: Առանձին  անդրադարձ է եղել ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ այցերի կազմակերպմամբ բարձրացնել փոխճանաչողության  մակարդակը:

armenpress.am