Եվրասիական տարածաշրջանի երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i69492-Եվրասիական_տարածաշրջանի_երկրների_մակրոտնտեսական_ցուցանիշները_բարելավվել_են
Եվրասիական զարգացման բանկի մասնակից երկրների մակրոտնտեսական ցուցանիշները 2017 թվականի առաջին կիսամյակում բարելավվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 15:33 Asia/Tehran
  • Եվրասիական տարածաշրջանի երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են

Եվրասիական զարգացման բանկի մասնակից երկրների մակրոտնտեսական ցուցանիշները 2017 թվականի առաջին կիսամյակում բարելավվել են:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հրապարակած կիսամյակային  հաշվետվության մեջ:

Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում ապրանքների արտահանման ծավալների և ծառայությունների կրճատում  նկատվում էր բանկի գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ Հայաստանի, ապա ընթացիկ տարում ապրանքների արտահանման ծավալների դրական աճ է նկատվում բոլոր երկրներում:

«Մասնավորապես, 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապրանքի արտահանման ծավալը 2016-ի նույն   ժամանակահատվածի համեմատ աճել է 17.8 տոկոս, Բելառուսում` 20.7, Ղազախստանում` 24.5, Ղրղզստանում` 20.5,  Ռուսաստանում` 33.7, Տաջիկստանում`  22.7   տոկոս: Ռուսաստանի տնտեսական ակտիվության աշխուժացումը   նպաստել է Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը` դրամական փոխանցումների հաշվին»,-նշել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:

Նշվում է, որ տնտեսական ակտիվության վերականգնումը դրական է ազդել տարածաշրջանի բնակիչների   կենսամակարդակի վրա: Զեկույցի հեղինակները ընդգծում են, որ Եվրասիական տարածաշրջանի երկրներում  տնտեսական ակտիվությունն առիթ է դարձել վերանայելու 2017 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումները: Հայաստանի   համար 2017 թվականի ՀՆԱ-ի 2.9 տոկոս ցուցանիշը վերանայվել է մինչև 5.2-ի:

Armenpress.am